27/07/2020 16:37
Կրթության ոլորտը շատ կոնսերվատիվ է, ցանկացած բարեփոխում մանրամասն հետազոտությունների արդյունք պետք է լինի. Բախշյան
Կրթության ոլորտը շատ կոնսերվատիվ է, և ցանկացած բարեփոխում մանրամասն հետազոտությունների արդյունք պետք է լինի: Իսկ մեր երկրում այդ հետազոտությունները կատարող մարմին չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:
«Չունենք մի մարմին, որը հետազոտի, որոշի և առաջարկի չափորոշիչներ: Քանի որ այդպիսի կենտրոն չունենք, և համապատասխան հետազոտություններ չկան, իրավիճակը բարդանում է: Ներկայումս դպրոցներում առարկայական բարեփոխումներ առաջարկողները հավաստիացնում են, որ ուշի ուշով ուսումնասիրել են որոշակի չափորոշիչներ, սակայն ես չգիտեմ մի հետազոտություն, որը խորհուրդ կտա այս կամ այն հեղինակի ստեղծագործությունները ներառել դպրոցական ծրագրի մեջ, կամ հակառակը՝ ասել, որ այսինչ հեղինակն այնքան էլ հետաքրքիր չէ աշակերտներին», - ասաց մեր զրուցակիցը:
Ըստ Անահիտ Բախշյանի՝ պետք է գիտակցել ամենակարևորը՝ կրթությունն ազգային անվտանգություն է:
«Ազգային անվտանգության նոր ռազմավարությանը ծանոթ չեմ, բայց այն պետք է ասի, թե կրթությունն ինչ ռազմավարություն պետք է որգեդրի: Այսօրվա պատանին և երիտասարդը մեր վաղվա քաղաքացին են, զինվորը և երկրի անվտանգությունը պաշտպանողը: Այնպես որ, կրթության բարեփոխումներ անողներից համալիր մոտեցում է պահանջվում:
Մոտեցումները պետք է արտացոլվեն կրթության ռազմավարության մեջ, ավելին՝ կրթության զարգացման մասին օրենքում, որը մենք չունենք: 2015 թվականից հետո մենք այդ օրենքը չունենք, որն ուղեցույց կճանաչվեր կրթաան ցանկացած բարեփոխման վրա աշխատող խմբի համար: Փորձախմբերն այդ տեսլակոնվ պետք է շարժվեն, ոչ թե անհատներն առաջ շարժեն իրենց իմացածով», - նշեց Անահիտ Բախշյանը: