27/07/2020 19:34
Այս մեղադրանքն իրավաբանորեն սնանկ է, էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել. Արթուր Դանիելյանի փաստաբան
Մի քանի օր առաջ Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած միջադեպի և տեղում դոփող քրեական գործի մասին իմ գրառմանը հետևեց ՀՔԾ կայծակնային արձագանքը, սակայն ճիշտ հակառակ՝ Արթուր Դանիելյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով, Facebook-ում գրել է «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Քննչական մարմինն ինձ և Արթուրին նախազգուշացրել է նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության մասին, ու թեպետ դեպքի գրեթե բոլոր հանգամանքները հանրությանը վաղուց հայտնի են, այդուհանդերձ հիմա զերծ կմնամ մանրամասները հայտնելուց ու մեկնաբանելուց: Այս մեղադրանքը իրավաբանորեն սնանկ է, քանի որ Արթուր Դանիելյանը ինչ ասել է, չի ասել հենց այնպես, անպատճառ, այլ կրկնել է դեպքի նախորդ օրը ՀՀ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի հնչեցրած բառերը: ՀՔԾ այս տրամաբանությամբ, խուլիգանության համար մեղադրանք պետք է առաջադրվի նաև Է.Մարուքյանին, ճիշտ է նույն հոդվածի 1-ին մասով, քանի որ նա բռնություն, ոնց որ թե, չի կիրառել: Էլ չեմ խոսում այն բացահայտ հանգամանքի մասին, որ առաջին հարվածը Արթուրինը չի եղել:
Եթե մոտակա օրերին ՀՀ գլխավոր դատախազը չդիմեց Ազգային ժողովին Ա.Սիմոնյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով, ապա պետք է եզրահանգել, որ Հայաստանի «ոչ թավշյա» քաղաքացիներին հանցավոր ոտնձգությունների դեպքում չի մնում այլ ելք, քան դիմել համափաչ և իրավաչափ ինքնապաշտպանության:
Հ.Գ. Նախաքննության ավարտից հետո խոստանում եմ հանրային դարձնել նաև դեպքի բավականին ուշագրավ տեսանյութը», - գրել է Տիգան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն այսօր մեղադրանք է առաջադրել Արթուր Դանիելյանին: