27/07/2020 16:57
Երևանում շարունակվում է պահպանվել խախտումների բացակայության բարձր ցուցանիշը, մարզերում խնդիրներ կան. ՍԱՏՄ
Աշխատանքային նոր շաբաթը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի երևանյան ու մարզային կառույցների տեսուչները սկսել են կրկնայցերով և լայնածավալ դիտարկումներով:
Ուժեղացված ստուգայցերի խոշորացույցի տակ են եղել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպությունները: Մայրաքաղաքի այս համայնքում ՀՀ պարետի որոշումները պահպանվել են ամենայն պատասխանատվությամբ. բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել:
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերին, թե՛ խնջույքների կազմակերպման և անցկացման արգելքի անտեսմանը, և թե՛ անձանց միջև սոցիալական հեռավորություն չպահպանելու խնդրին:
Արձանագրությունները կներկայացվեն պարետատուն, որին կհետևեն պատժամիջոցները՝ կասեցումների և վարչական տուգանքների տեսքով:
ՍԱՏՄ-ն շարունակելու է Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված հետևողական վերահսկողությունը հանրապետության սննդի շղթայի բոլոր կազմակերպություններում: