27/07/2020 17:24
Ուժեղացված վերահսկողություն՝ Նոր Նորք վարչական շրջանում․ հայտանբերվել են մի շարք խախտումներ
Հուլիսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են ախտահանիչ հեղուկի բացակայության և սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։
Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են վարորդներ՝ առանց պաշտպանիչ դիմակի։
Հայտնաբերված բոլոր խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետները մշտադիտարկումների և վերահսկողության հետ համատեղ շարունակել են իրականացնել լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, որոշ դեպքերում վարորդներին և ուղևորներին տվել պարտադիր կատարման ցուցումներ։
Նշենք, որ ՔՏՀԱՏՄ տրանսպորտի անվտանգության մասնագետները շարունակում են ամենօրյա գրաֆիկով մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացնել մարզերում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: