28/07/2020 12:03
Իմ և Գագիկ Ծառուկյանի հարաբերություններն իդեալական վիճակում են, խմբակցությունը լքելու մասին լուրերը՝ բացարձակ ապատեղեկատվություն. Պետրոսյան
Իմ՝ խմբակցությունը լքելու մտադրության մասին մամուլի հրապարակումները բացարձակ ապատեղեկատվություն են. նման բան չկա, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Իմ և մեր կուսակցության ղեկավարի հարաբերություններն իդեալական վիճակում են: Բացարձակ որևէ հակասություն, գժտվածություն և անհամաձայնություն չկա: Դա, պարզապես, առանձին մարդկանց վառ երազանքն է, իրենք այդ տեխնոլոգիան են ընտրել՝ կուսակցության մեջ ինտրիգներ hարուցելու», - ասաց Պետրոսյանը։
Նրա խոսքով, Ծառուկյանը եղել և մնում է իր «հարգարժան ղեկավարը»:
«Մեր միջև որևէ խնդիր չկա: Խմբակցությունը լքելու կարիք լինում է այն ժամանակ, երբ խմբակցության ղեկավարի հետ հարաբերությունները նույն հունով չեն գնում կամ դու ունես սկզբունքային անհամաձայնություն խմբակցության գործունեության հետ: Նման բան գոյություն չունի: Իսկ ես հոգեխանգարմունքի մեջ չեմ, որ այսօր որոշեմ խմբակցությունը լքել, վաղը՝ միանամ։ Դա իմ գործելաոճը չէ», - նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ ինքը խմբակցությունը կլքի այն ժամանակ, երբ հիմքեր կլինեն, իսկ այս պահին այդպիսիք չկան:
«Նորից եմ ասում՝ պարոն Ծառուկյանի հետ իմ հարաբերությունները փայլուն վիճակում են: Թող որևէ մեկն ինքնախաբեությամբ չզբաղվի», - ասաց Պետրոսյանը: