28/07/2020 14:56
Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում Ռուսաստանի դերը բացառիկ կառուցողական է. Փաշինյան (Տեսանյութ)
Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին, սակայն ընդհանուր իրավիճակը կայուն է, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Հայ-ադրբեջանական սահմանին և Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակը կարելի է գնահատել համեմատաբար կայուն: Իհարկե, ցավոք, Ադրբեջանի Զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարը, բայց կրակի մակարդակն այսօր այնպիսին է, ինչ վերջին 10 տարիներին: Նկատի ունեմ՝ վերջին 2-3 օրերը», - ասել է նա։
Ըստ Փաշինյանի՝ Մոսկվան առանցքային դեր է խաղացել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման գործում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր են խաղացել: Այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը, և ես կարծում եմ, որ Կրեմլի կողմից ձեռնարկված գործողությունները, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներգրավվածությունը կարևոր դեր են խաղացել նրանում, որ այսօր մենք ունենանք համեմատաբար կայուն իրավիճակ: Ռուսաստանի Դաշնության դերը, իհարկե, բացառիկ կառուցողական է», - նշել է նա:
Ըստ Փաշինյանը՝ «Հայաստանի շատ քաղաքացիներ հետաքրքրվում են՝ ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադրբեջանի դիրքերը, իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, միանշանակ չի պաշտպանում Հայաստանին»:
«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է, որը զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ։ Ռուսաստանը կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում», - ավելացրել է Փաշինյանը: