28/07/2020 16:11
Հարավկովկասյան երկաթուղու ուղևորափոխադրումների ծավալը նվազել է
Չնայած Հայաստանում հայտարարված արտակարգ դրության պատճառով ուղևորահոսքի զգալի կրճատմանը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը շարունակում է կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներ իրականացնել:
Փոխադրումները տեղական հաղորդակցությունում գեթ մի օր չեն կանգնել, էլեկտրագնացքների բոլոր ներքին ուղերթներն իրականացվել են ըստ ժամանակացույցի, իսկ ամենախիստ սահմանափակումների և միջքաղաքային ավտոտրանսպորտի ժամանակավոր չեղարկման ժամանակահատվածում հենց երկաթուղին էր դարձել մայրաքաղաքը հանրապետության մարզերի հետ կապող միակ օղակը:
Կորոնավիրուսային վարակի տարածման վտանգի պատճառով ստեղծված վիճակը չէր կարող բացասական ազդեցություն չունենար երկաթուղային տրանսպորտի աշխատանքի վրա. մարտի 14-ից չի գործում Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքը, չեղարկվեց Երևան-Բաթումի-Երևան երթուղին, որը սովորաբար բացվում էր ամեն տարի հունիսի 15-ին, չի գործարկվել Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար նախատեսված սեզոնային էլեկտրագնացքը, որը սովորաբար գործում էր հունիսից մինչև սեպտեմբեր:
Ուղևորների մեծ հոսքից խուսափելու և համաճարակի պատճառով էլեկտրագնացքներում գործող կանոնների պահպանումն ապահովելու համար երկաթուղին ստիպված կլինի նաև չեղյալ հայտարարել ավանդական դարձած անվճար երթևեկության ակցիան, որն անցկացվում էր ամեն տարի Երկաթուղայինի օրը: Այնուամենայնիվ, կարանտինի վերացումից և համաճարակաբանական իրավիճակի կայունացումից հետո ՀԿԵ-ն, անշուշտ, կիրականացնի այս ավանդական միջոցառումը՝ դրա մասին նախապես տեղեկացնելով ուղևորներին:
2020 թվականի առաջին կիսամյակում երկաթուղին տեղափոխել է 136,8 հազար ուղևոր, որից 3,5 հազարը՝ միջազգային, իսկ 133,3 հազարը՝ տեղական հաղորդակցությունում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Հարավկովկասյան երկաթուղու գնացքներով տեղափոխվել է 178,7 հազար ուղևոր, որից 166,1 հազարը՝ տեղական, իսկ 12,6 հազարը միջազգային հաղորդակցությունում:
Ուղևորափոխադրումների հիմնական անկումը կապված է միջազգային երթևեկության դադարեցման, տուրիստական խմբերի բացակայության, ուսումնական հաստատություններում դասերի չեղարկման և, համապատասխանաբար, ուսանող-ուղևորների բացակայության հետ: Ներկայումս ուղևորների 77%-ը կարճ տարածություններով՝ մինչև 50 կմ, ճամփորդողներն են:
Այնուամենայնիվ, չնայած առաջացած դժվարություններին, ՀԿԵ-ն աշխատում է ուղևորափոխադրումների որակի բարելավման ուղղությամբ. հուլիսի 1-ից ուղևորների շրջանում ամենապահանջված՝ Երևան-Գյումրի, երթուղու երկու ուղերթները սպասարկում է ԷՊ2Դ նոր սերնդի էլեկտրագնացքը:
Այսպիսով, հույս ունենք մեր մշտական և նոր ուղևորներին կրկին տեսնել կյանքի սովորական ռիթմին վերադառնալուց հետո: