28/07/2020 16:35
Կվերացվի՞ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը. որոշումը՝ օգոստոսի 4-ին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական այսօրվա նիստին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի գույքի վրա դրված արգելանքը։
Նա ասաց, որ արգելանք է դրված ոչ միայն Գևորգյանի, այլև՝ նրա ազգականների գույքի վրա։
«Տարակուսելին այն է, որ այս քրեական գործին այդ անձիք որևէ առնչություն չունեն ու չեն էլ կարող ունենալ, որևէ դատավարական կարգավիճակ չեն ունեցել, բայց նրանց սեփականության իրավունքն անհասկանալիորեն սահմանափակվել է», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանի խոսքով՝ արգելանք է դրված Գևորգյանի հաշիվների վրա ու նա մինչև օրս չի կարող օգտվել իր օրինական ստացված վարձատրությունից՝ աշխատավարձից:
Արգելանք է դրված նաև Գևորգյանի՝ Կոտայքի մարզում գտնվող հողատարածքի վրա։
Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին խոսեց նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
Նա ասաց, որ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքն ապօրինի է ու հարյուր տոկոսով պետք է վերացվի։
Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018 թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։
Ընդ որում, ըստ փաստաբանի, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ Քոչարյանն ունի՞ բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը պահանջեց կալանադրված գույքի կազմի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև բանկային հաշիվների վերաբերյալ քաղվածք։ Փաստաբաններն այն կներկայացնեն հաջորդ նիստին։
Դատական նիստը հետաձգեց։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: