28/07/2020 13:59
Դատարանը թույլ չտվեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել ՀՀ սահմանը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց, որ թույլ տան Խաչատուրովին լքել ՀՀ սահմանը։
Փաստաբանն ասաց, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում՝ Թեթրի Ծղարոյում, նրա ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են այնտեղ ու Խաչատուրովը 2018 թվականի նոյեմբերից չի եղել այնտեղ։
Միհրան Պողոսյանը խնդրեց թույլ տալ ընդամենը երկու օրով Խաչատուրովը լքի ՀՀ սահմանը։
Դատավոր Աննա Դանիբեկյանն ասաց, որ կորոնավիրուսի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։
«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի կողմից դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս կողմից՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այդ փաստարկումը պետք է լինի այնքան ծանրկաշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը, տվյալ պարագայում, դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», - ասաց Աննա Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին լքել ՀՀ սահմանը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: