28/07/2020 18:11
Միջոցառումների կազմակերպիչները կառավարությունից պահանջում են ազատականացնել ոլորտը և պարզաբանել կարանտինի հետևանքով կրած վնասների փոխհատուցման հարցը
Միջոցառումների կազմակերպման ոլորտի ներկայացուցիչներն այսօր հավաք են անցկացրել՝ քննարկելու և կառավարությունից պահանջելու ազատականացնել միջոցառումների անցկացման ոլորտը:
«Այսօրվա հավաքը արտահայտում է բոլոր հավաքվածների մտահոգությունները, կապված արտակարգ դրության հնարավոր երկարաձգման և միջոցառումների արգելքի պահպանման հետ։
Այսօր այստեղ են հավաքվել հարյուրավոր ձեռնարկատերեր և անհատներ, ովքեր գործունեություն են ծավալում միջոցառումների կազմակերպման ոլորտում։ Այս ոլորտը ապահովում է մոտ քսան հազար աշխատատեղ, տարեկան ապահովելով մոտ երեք հարյուր միլիոն դոլարի շրջանառություն։
Այս ոլորտի հետ սերտ կապված են բազում այլ ոլորտներ, որոնք հանդիսանում են օժանդակ կամ մատակարար բիզնեսներ։
Դրանք են՝ գյուղատնտեսությունը, տուրիզմի բնագավառը, հյուրանոցային և հյուրատնային կոմպլեքսները, այլ բազմաթիվ բիզնեսներ։
Կուզենայի անհատապես նշեի այս ոլորտի բոլոր մասնակիցներին։ Դրանք են՝
• երաժշտական սրահներ
• ակումբներ
• ռեստորաններ
• խնջույքի սրահներ
• ծաղկի աճեցման ֆերմաներ
• միջոցառումների տեխնիկական սպասարկման անձնակազմ
• Խոհարարներ
• Մատուցողներ
• Հարսանյաց սրահներ /զգեստ, աքսեսուարներ/
• Ֆլորիստ դիզայներներ
• Հանդիսավարներ
• Երգիչներ
• Պարի խմբեր
• Դիջեյներ
• Հնչյունային օպերատորներ
• Լուսանկարիչներ և օպերատորներ
• Իվենթ-մենեջմենթի կազմակերպություններ
• Մոդելներ
• Դռնապաններ
• Կայանտեղի սպասարկողներ
• Գեղեցկության սրահներ
• Վարսահարդարներ
• Դիմահարդարներ
• Անիմատորներ
• Ֆուրշետային ծառայություններ
• Տորթերի արտադրություն
• Տուրիստական ընկերություններ
• Հյուրանոցներ
Ինչպես հայտնի է, 2020 թվականի մարտ ամսից մեր բնագավառը փակվեց կարանտինային միջոցառումների կազմակերպման նպատակով։
Մենք բոլորս հայտնեցինք մեր պատրստակամությունը փակվել կարանտինի, կրել ֆինանսական վնասներ, բայց ամեն գնով օժանդակել պետությանը՝ հաղթահարելու երկրին պատուհասած այս արհավիրքին։
Կարանտինից հետո պետությունն ազատականացրեց համարյա բոլոր ոլորտները, բացի միջոցառումների անցկացումից։ Թույլ տրվեց հասարակական սննդի ոլորտի բոլոր օբյեկտների գործունեությունը, բացառությամբ մեր ոլորտի ռեստորանային համալիրների։ Պետությունը կիրառեց այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն արտահայտում իրերի և իրադարձությունների իրական պատկերը և այլևս մեր կարծիքով վտանգում են մեր բազմահազարանոց բնագավառի գոյությունը։
Մեր ոլորտի բոլոր ռեստորանային համալիրների սեփակատերերը, որոնք այսօր հավաքված են այստեղ, հավաստիացնում են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել հակահամաճարակային պահանջները, ներառյալ՝ հավելյալ այլ պահանջներ, որոնք կկիրառվեն պարետատան որոշմամբ։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել այն փաստը, որ քսան հազար հոգանոց ինդուստրիան արդեն հինգ ամիս շարունակ չի կարողանում վաստակել գումար՝ գործող սահմանափակումների պատճառով։
Ուզում եմ հիշեցնել հունիս և հուլիս ամիսներին Հայաստանի հանրապետության կառավարության շենքի դիմաց հավաքների պահանջները.
Մենք խնդրում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչներից մասնավորապես պատասխանել մեկ պարզ հարցի՝ ե՞րբ է ազատականացվելու տնտեսական գործունեությունը և ե՞րբ է թույլատրվելու մեր բնագավառի գործունեությունը:
Արդյոք Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր ինդուստրիայի կրած վնասները և ինչ-որ կերպ փոխհատուցել, հաշվի առնելով փաստը, որ հենց պետության որոշմամբ է արգելվել մեր գործունեությունը։
Արդյոք Հայաստանի հանրապետության կառավարությունը պատրաստ է հոգալ մեր բնագավառում աշխատող մոտ քսան հազար աշխատողի սոցիալական ապահովությունը և կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ։
Մեկ անգամ ևս ցանկանում եմ շեշտել, որ մեր բոլոր պահանջներն ապաքաղաքական են։ Դրանք կրում են միմիայն ֆինանսական և սոցիալական բնույթ։
Մեր հիմնական պահանջը, որը պատրաստվելու ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը հիմնվում է այն պարզ փաստի վրա, որ երկրում հայտարարված արտակարգ դրությունը սահմանափակել է մեր ոլորտի գործունությունն ամբողջությամբ և կառավարությունը պարտավոր է մշակել ծրագրեր՝ ուղղված ոլորտի աջակցությանը։
Հիշեցնում ենք, որ սկսել ենք բնագավառի բոլոր բիզնեսների կրած վնասների մանրակրկիտ գույքագրում։
Մեր հետագա քայլերի մասին տեղեկացնելու ենք առանձին հայտարարությամբ», - նշված է տարածված հաղորդագրության մեջ։