29/07/2020 22:03
Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարիների ընթացքում. Ռոբերտ Քոչարյան
Իրավիճակի գնահատականն էր սխալ հենց սկզբից, մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե որտե՞ղ են թերացել իշխանությունները կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։
«Նախապատրաստական աշխատանքներ գրեթե չեն արվել, իրար հակասող որոշումներ, իրար հակասող հայտարարություններ պաշտոնյաների կողմից: Այն սխալ մեսիջները, որոնք ողողում էին հանրությանը՝ դիմակ կրել, հետո՝ չկրել, այն օգում է, հետո՝ չի օգնում, դիմակի անցքերը վիրուսից մեծ են, փոքր են։ Սրանք զավեշտալի երևույթներ են, որոնք վիճակի լրջության հետ որևէ կապ չունեն», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա նշել է, որ այս ամենում իր համար ամենից անընդունելին փորձն է մեղադրել ժողովրդին դիմակ չկրելու համար։
«Երկու ամսում ավելի շատ մարդ են տուգանել, քան իմ կառավարման տասը տարիներում։ Միանշանակ, այս ամենի պատճառը ձեռնարկված քայլերն են և կառավարման արդյունավետությունը։ Չպետք է անընդհատ ժողովրդին ասել, թե դու ես մեղավոր», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։