29/07/2020 22:38
Իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի. Քոչարյան
Պետական ծառայության համակարգն ուղղակի զրոյացվել է, «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Այդ համակարգն է թայֆայության դեմ պայքարի ամենից արդյունավետ միջոցը եղել», - ասել է նա։
Քոչարյանի խոսքով՝ ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել։
«Ուղղակի խնդիրը, այսպես ասենք, ընդդիմությունն ինչպե՞ս կվարվի, ընդդիմությունը կկարոնաղա՞ իր խոսքը հասցնել հանրությանը, հանրությունը պատրա՞ստ է մանիպուլյացիաների չենթարկվել», - ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Քոչարյանի խոսքով՝ կառավարությունը չի հասկացել, որ շատ լուրջ ընդդիմության կարիք ունի։
«Ու ինչքան իրենք թուլացնեն այս ընդդիմությանը, այդքան իրենք լինելու են ոչ արդյունավետ։ Երկիրն ուժեղ ընդդիմության կարիք ունի այսօր», - ասել է նա։
Ըստ Քոչարյանի՝ անգամ փոքր ցույց անելու արգելքն այսօր գալիս է նրանից, որ իշխանությունը տեսնում է՝ իրավիճակը վատանում է ու փորձում է թույլ չտալ որևէ քաղաքական ակտիվություն։
«Ու իմ մոտ հարց է առաջանում՝ արտակարգ դրությունն ինչի՞ համար է՝ քաղաքական հնարավոր գործընթացը կանխելո՞ւ, թե՞ համաճարակի, որովհետև չի երևում, որ սա որևէ կերպ համաճարակի հետ կապ ունեցող արտակարգ դրություն է», - ասել է երկրորդ նախագահը: