29/07/2020 21:39
Բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի. Ռոբերտ Քոչարյան
Ունեցել ենք ժամերով տևող բանակցություններ, որոնք, հետո պարզվել է, որ բանակցություններ չեն, «Երկիր Մեդիա» «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Վտանգավոր է, երբ մարդիկ չեն հասկանում հարցի կարևորությունը, բայց զբաղվում են այդ հարցով: Պետք է կարդալ ԼՂՀ անկախության հռչակագիրը, բանակցությունները պետք է բխեն այդ հռչակագրից: Ամեն ինչի համար հիմք է պետք: Եթե դրանք չկան կամ եթե օրական մի հիմք ես գտնում, դրա հետևանքները լավ չեն լինում», - ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ բանակցային գործընթացը դեռ կարելի է հետ բերել:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակցությունները դադարեցնելու մտադրության մասին հայտարարությանը, ՀՀ երկրորդ նախագահը նշել է.
«Բանակցություններն ավելի լավ են, քան ցանկացած պատերազմ, բայց շանտաժի ենթարկվել չի կարելի: Պետք է սկզբունքայնություն դրսևորել: Այո, ռիսկեր կան, բայց մենք միշտ գնացել ենք ռիսկի և հաջողել ենք: Չեն ուզում բանակցել, ուրեմն չենք բանակցի: Երբ իրենք հասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, դրանք կվերականգնվեն»: