29/07/2020 22:47
Ինչո՞ւ եք բացառում, որ ժողովուրդը փողոց փակելով կարող է էլի իշխանություն փոխել. Քոչարյան
Այս քաղաքականության պայմաններում չլիներ իմ նկատմամբ քրեական հետապնդումը, մեկ է, ես պիտի վերադառնայի քաղաքականություն, այս մասին «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Եթե քաղաքականությունը տատանումներ չունենար, միգուցե, այո, բայց ես չեմ համարում, որ նախկին նախագահը, տեսնելով իրական վտանգները երկրի համար, հատկապես՝ իմ կենսագրությունն ունեցող նախագահը, կարող է անտարբեր մնալ, որևէ կերպ չարձագանքել կամ չփորձել ինչ-որ բան փոխել», - ասել է նա։
Քոչարյանի կարծիքով՝ եթե կառավարությունը չփոխի իր աշխատաոճը, լրջագույն պրոբլեմներ է ունենալու։
«Երկու տարում ո՞ւր են հասցրել երկիրը, հիմա ևս երեք տարի սպասենք, տեսնենք ընդհանրապես ինչ վիճակում կարող են հայտնվե՞լ», - ասել է նա։
Երկրորդ նախագահի խոսքով՝ այսօր հնարավոր բոլոր սցենարները սեղանի վրա են։
«Մեր ժողովուրդը սովորել է, որ կարող է նաև փողոց փակելով իշխանություն փոխել, իսկ ինչո՞ւ եք մտածում, թե այդ նույն ժողովուրդն այս տուգանքներից, համավարակից, տնտեսական պրոբլեմներից չի կարող ևս որոշել, որ նույն ճանապարհով կարող է իշխանություն փոխել, ինչո՞ւ եք բացառում այդ տարբերակը։ Ես կարծում եմ՝ այս հնարավորությունն ավելի մեծ է», - ասել է Քոչարյանը։