29/07/2020 18:34
Միջազգային ավիափոխադրումներրի պարագայում մեղմացումներ չեն լինի. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
Հայաստանը քննարկում է օգոստոսի 12-ից արտակարգ դրության երկարացման հարցը, այս մասին պարետատան նիստից հետո ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի հակահամաճարակաբանական պատկերն առաջիկայում», - ասաց նա։
Ավինյանը նշեց, որ պարետատունը մշակում է համավարակի կառավարման պլան։
«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում», - ասաց ՀՀ փոխվարչապետը։
Պարետը նշեց, թե քննարկվում է դեռևս սահմանափակված մի շարք ոլորտներ վերաբացելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ միջազգային ավիափոխադրումների պարագայում իրավիճակը սահմանափակումների սպասվող մեղմացումների առումով տարբեր է լինելու։
«Այստեղ մեր գործողությունները հիմնականում նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը ու պահպանել ներկայումս ձեռքբերված կայուն, բայց փխրուն իրավիճակը», - ասաց Ավինյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ դեռևս հնարավոր չի լինելու զբոսաշրջության նպատակով արտերկիր մեկնելը։
Նա կոչ արեց հանգիստը կազմակերպել Հայաստանում։