29/07/2020 15:06
Զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում. Տիգրան Աթանեսյան
Քանի որ վստահ եմ, որ սա երկրի բարձրագույն ղեկավարության կողմից հանձնարարված ստորություն է իմ հանդեպ, զգում եմ, որ նախաքննությունը տանում են դեպի կարճում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանն՝ անդրադառնալով իր բնակարանի վրա ամիսներ առաջ կատարված հարձակմանը:
«Այսինքն նորմալ է, որ քո կնոջ և մանկահասակ երեխաների վրա 4 հատ ստահակ հարձակվում են: Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ: Իմ ընտանիքի անդամները նույնպես հարցաքննվել են, առերեսումներ են եղել:
Ես զգում եմ, որ հանձնարարություն կա՝ այդ ստահակներին փրկելու: Որովհետև եթե դա չլիներ երկրի բարձրագույն իշխանության կողմից հանձնարարություն, այդ մարդիկ, իհարկե, վաղուց կունենային մեղադրանք: Ես դա գիտեմ, ես իրենցից չեմ սպասում արդարություն: Արդարությունը կլինի իր ձևով, իր ժամանակին», - ասաց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին հարձակում էր տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա:
4 տղամարդիկ ներխուժել էին բնակարան: Փաստաբանն այդ ընթացքում տանը չի եղել: Բնակարանում էին եղել կինն ու անչափահաս երեխաները: Հարձակվողները սպառնալիքներ էին տեղացել փաստաբանի հասցեին ու հեռացել: