29/07/2020 22:25
Կառավարությունը պետք է ընդունի՝ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան երկու տարի առաջ. Քոչարյան
Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահն այդքան էլ կոնստրուկտիվ չէ, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չէ, Ադրբեջանի ժողովուրդն այդքան էլ պատրաստ չէ խաղաղության, մի քանի հեռուստաընկերությունների լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր հանրությանն ինչո՞վ էին կերակրում, հատկապես՝ Դուշանբեից հետո, որ ունենք կոնստրուկտիվ հակառակորդ, որի հետ բանակցում ենք, ու եթե հանկարծ իրենք չգնան խաղաղ կարգավորման, մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Հիմա ի՞նչ մնաց այս երկու տարվա որդեգրած դիրքորոշումից, մի բան մնա՞ց, թե՞ չմնաց», - ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ 1991-94 թվականների պատերազմի ժամանակ այսպիսի բախումներ հայերի և ադրբեջանցիների միջև Մոսկվայում կամ Միացյալ Նահանգներում երբեք չեն եղել:
«Մենք պետք է ֆիքսենք երկու չափազանց կարևոր փաստ՝ այսօր ունենք ոչ միայն ռևանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում, այլև ռևանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում։ Երբ այս երկու հանգամանքը միանում են իրար, պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է լինում։ Մենք պետք է հասկանանք, որ բանաձևը՝ ժողովրդին դիմելու, հույսեր կապելու Ադրբեջանի կառավարության կոնստրուկտիվիզմի հետ՝ այլևս չկա։ Եվ այսօր կառավարությունը պետք է խոստովանի, որ երկու տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարել այս հարցի շուրջ։ Եվ պետք է ընդունի, որ պատերազմի վերսկսման առումով ունենք ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ», - ասել է Քոչարյանը։