29/07/2020 13:29
Ֆիլիպիններում բարձրախտածին թռչնագրիպ է հայտնաբերվել
Ֆիլիպինների գյուղատնտեսության դեպարտամենտից հայտարարել են երկրի հյուսիսի Պամպանգա նահանգում H5N6 բարձրախտածին թռչնագրիպ հայտնաբերելու մասին. դրա տարածման դեմ պայքարելու համար իշխանությունները ոչնչացրել են մոտ 39 հազար հավ, հայտնում է CNN Philippines-ը:
Նշվում է, որ թռչնագրիպի օջախը հայտնաբերվել է Սան-Լուիսի շրջանի ֆերմայում: Հեռուստաալիքի տվյալով՝ 2017 թվականին նույնպես իշխանությունները թռչնագրիպ էին հայտնաբերել Պամպանգա և Նուևա-Էսիխա նահանգներում, այն ժամանակ դրա փոխանցումներ մարդուն չեն գրանցվել:
Ըստ ԱՀԿ-ի՝ թռչնագրիպը թռչունների վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը հաճախ ընթանում Է առանց ախտանշանների: Առանձին դեպքերում վիրուսը կարող է հաղթահարել տեսակային արգելքը և հիվանդություն կամ անախտանիշ վարակումներ առաջացնել մարդկանց ու կենդանիների մոտ: