29/07/2020 18:27
Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի. ունենք բազմաթիվ ազատ մահճակալներ. նախարար
Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել է հուլիսի վեցին, պարետատան նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մեր պիկը եղել է հենց այդ օրը», - ասաց նա։
Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի։
«Հակառակը՝ մենք հիմա ունենք բազմաթիվ ազատ մահճակալներ», - ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց՝ հավանաբար, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին։
«Եվս երեք կենտրոն իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում կրկին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին», - ասաց նա։
Նախարարի խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը հինգ հարյուր է ու նույնիսկ պակաս։