30/07/2020 15:18
Ռուսաստանը դադարեցրել է Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված է, Aysor.am-ին ասաց Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը:
Որոշումը կայացրել է Ռուսաստանի Դաշնությունը։
«Չեմ կարծում, որ կարելի է հետախուզել մի մարդու, ում գտնվելու վայրը հայտնի է», - ասաց Մակինյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՝ «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Ռուբեն Հայրապետյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ:
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։