30/07/2020 16:18
Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած զինծառայողների վիճակը լավ է, որևէ մտահոգիչ խնդիր չկա. ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին վիրավորում ստացած զինծառայողների վիճակը լավ է, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Ինը զինծառայող շարունակում է վերականգնողական բուժում ստանալ, բոլորի վիճակը լավ է, որևէ մտահոգիչ խնդիր չկա», - հայտնեցին ՊՆ-ից։
Նախարարությունից փոխանցեցին, որ լավ է նաև երեկ վիրավորում ստացած զինծառայողի վիճակը, մտահոգիչ որևէ խնդիր չկա։
Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել:
Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:
Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում էին ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը, ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։
Հուլիսի 21-ին՝ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ էր մղել հակառակորդի գրոհը՝ պատճառելով զգալի կորուստներ:
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել էր հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը։
Հուլիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ մարտական դիրքում հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։