30/07/2020 11:20
Հայաստանը շանս ունի՝ ջարդելու համավարակի ողնաշարը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է ու բարելավում է, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9 հազարից պակաս դեպք, դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 է, հունիսի 11-ից հետո մենք երբեք այսպիսի ցածր թիվ չենք ունեցել», - ասաց վարչապետը։
Նա նշեց, որ Հայաստանը շանս ունի՝ ջարդելու համավարակի ողնաշարը։
«Սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն», - ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ թոշակների բաժանման պրոցես է սկսվելու։
«Այսօր, վաղը հատուկ աշխատեք, որ հակահամաճարակային կանոնները հստակ պահպանվեն», - ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին ու ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանին հանձնարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հուղարկավորությունների, հարսանիքների, միջոցառումների ժամանակ էլ լինեն ծայրահեղ ուշադիր ու պահպանեն պարետատան սահմանած նորմերը, հակահամաճարակային կանոնները։
Նիկոլ Փաշինյանը հույս է դնում նաև ՀՀ քաղաքացիների վրա։
«Հույս ենք դնում, որ ձեզնից յուրաքանչյուրը մարտահրավերը կընդունի ու մենք կկարողանանք սեպտեմբերին արձանագրել ճգնաժամի ավարտը», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ պետք է ավելի զգոն լինել, պետք է իրավիճակին պատշաճ զգոնությամբ վերաբերվել։
Նշենք, որ այսօրվա տվյալներով Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 259 նոր դեպք, մահացել է 5 մարդ: