30/07/2020 19:25
Անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները. Վանաձորի թատրոնի տնօրեն
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնն արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում իրականացրել է առցանց հեռարձակումներ՝ փորձելով պահել կապը հանդիսատեսի հետ, Ֆեյսբուքյան էջում գրել է թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը:
«Դիտումների թիվը գերազանցել է սպասելիքները՝ շուրջ 35 հազար հանդիսատես և առցանց ցուցադրված մեկ տասնյակի հասնող ներկայացումներ՝ «Ռուզան», «Չար ոգի», «Արյունոտ հարսանիք», «Լիր արքա», «Ես միայն զանգահարելու եմ եկել» և այլն։
Հանդիսատեսը կարոտում է թատրոնը, և այս մասին փաստում են սոցցանցերում արվող մեկնաբանությունները։
Առցանց տիրույթում մրցունակ լինելն, ինչ խոսք, կարևոր է, բայց հաշվի առնելով, որ թատրոնը կենդանի արվեստ է, հնարավոր չէ ամեն բան կազմակերպել լիարժեքորեն և լիովին՝ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման, կարծում ենք, որ արդեն իսկ անհրաժեշտ է վերսկսել աշխատանքը հանդիսատեսի համար՝ պահպանելով պարետատան կանոնները և անվտանգության բոլոր նորմերը համավարակի շրջանում։ Նախ որ հանրությունն իսկապես սթրեսային վիճակի մեջ է, որ մշակույթին է վերապահված փրկօղակի դերը, և երկրորդ, որ դերասանական, գեղարվեստական համակազմը կարիք ունի լավ մարզավիճակում լինելու», - գրել է թատրոնի տնօրենը:
Նա նաև ընդգծել է, եթե թատրոնները կարողանան ձեռք բերել ախտահանման սարքեր 590 հազար դրամ արժողությամբ (ներառյալ ԱԱՀ), կարելի կլինի ասել, որ անվտանգությունը մեծ մասամբ ապահովված է:
«Այս սարքերը խցիկներ են, որոնք տեղադրվում են կազմակերպության (թատրոն, դպրոց, կլինիկիա, ատամնաբուժարան, ռեստորան, գործարան) մուտքի մոտ, և մուտք գործելիս մարդիկ ախտահանվում են։ Ախտահանումը տեղի է ունենում անհպում, 360 աստիճանով, 5 տեղից, նույնիսկ կոշիկներն են ախտահանվում։ Տարողունակությունը 10լ է, որը բավականացնում է 1000-1200 մարդու ախտահանման համար։ Սարքը շուկայում միակ էկոնոմային տարբերակն է, քանի որ մեկ մուտքանի է», - մանրամասնել է Լուսինե Սահակյանը:
Տնօրենի խոսքով՝ Վանաձորի թատրոնի բակն ունի եզակի հնարավորություններ՝ բացօթյա ներկայացումներ խաղալու։ Այս պահին ընթանում են երկու բացօթյա ներկայացման փորձեր։ Հաշվի առնելով, որ շատ դժվար է, երբ գոյություն ունեցող ներկայացումն է հարմարեցվելու բացօթյայի պահանջներին, որոշել են ներկայացում ստեղծել հենց բակի համար։
«Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության մոտիվներով ներկայացում է պատրաստվում հանդիսատեսի դատին հանձնել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Ներկայացումը պլանավորվում է խաղալ Վանաձորի Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում։ Արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ, իսկ ավարտական փորձերը և ներկայացումը Զորյանի այգում մեկնարկելու թույլտվություն ակնկալում ենք ստանալ Վանաձորի քաղաքապետարանից։
Թատրոնի դերասան, բեմադրական մասի վարիչ Արամ Մխիթարյանը ցերեկային ներկայացում է պատրաստում բակի համար։ Մանկական ներկայացումը բեմադրված է վեց հեքիաթների մոտիվներով՝ «Մատնաչափիկ», «Մոխրոտը», «Սուտլիկ որսկանը», «Գեղեցկուհին և հրեշը», «Կոշկավոր կատուն» և «Բժիշկ Այբոլիտը»։ Բեմադրված են հատվածներ հեքիաթներից՝ երաժշտական և պարային անցումներով։ Ի դեպ, հանդիսատեսին շատ հետաքրքիր վերջաբան է սպասվում «Բժիշկ Այբոլիտը» բեմադրության ավարտին:
Երկու ներկայացումներն էլ շուտով պատրաստ կլինեն, իսկ թե երբ կհանձնվեն հանդիսատեսի դատին, կախված կլինի միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ պարետի և ԿԳՄՍ նախարարության որոշումներից», - նկատել է նա:
Աբելյանցիներն առաջիկայում հանդես կգան նաև հեռուստաթատրոնի ադապտացիոն տարբերակով՝ թատերական խաղը զուգակցված ժամանակակից տաղավարային նկարահանմամբ: Ռեժիսորը թատրոնի երիտասարդներից Արեն Օսիպյանն է։ Սպասվող ներկայացման միտքը ծնվել է հենց համավարակի ժամանակաշրջանում.
«Մինչ այս արտակարգ դրությունը և պարտադրված պարապուրդն, իհարկե, կային տարբեր մտքեր, նոր լուծումներով բեմադրությունների քննարկումեր: Ստեղծել ենք նոր ձևաչափ, նոր կապ, որը թատրոնից և՛ տարբերվում է, և՛ այնքան էլ չի տարբերվում։ Առաջիկա նախագիծը հեռուստաթատրոն կարելի է անվանել, քանի որ էկրանավորվելու է: Բոլոր գործողությունները կատարվելու են բեմից դուրս։ Ֆիլմի տարբերակով ներկայացում է, որը թե՛ հանդիսատեսի, թե՛ դերասանի համար նոր ձևաչափ է։ Հեռուստաներկայացման հիմքում Ա. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» ստեղծագործություններն են»:
Անդրադառնալով շենքի վերանորոգմանը՝ թատրոնի տնօրենը տեղեկացրել է, որ նախագիծն այս պահին լրամշակման փուլում է.
«Հավելեմ միայն, որ օգտագործելով արտակարգ դրության ժամանակահատվածում առաջացած պարապուրդը, թատրոնի բեմը վերազինել ենք ինքնաշխատ սարքավորումներով, ինչը զգալիորեն կհեշտացնի հանդիսատեսի (և ոչ միայն հանդիսատեսի) համար անտեսանելի, բայց իրականում՝ բավականին բարդ աշխատանքը, որ միայն արվեստի մարդկանց բնորոշ նվիրումով կատարել և կատարելու են բեմադրական մասի վարիչն ու բեմի մոնտաժողները»:
Օգոստոսի 8-ին էլ «Արմմոնո» փառատոնը բացօթյա-առցանց ձևաչափով կհյուրընկալվի Վանաձորի թատրոնում․ կներկայացվեն Գրիգոր Նարեկացու «Մատյանը»՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի մատուցմամբ, և Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» ստեղծագործությունը՝ գրված «Վենետիկի վաճառականը» պիեսի հիման վրա, որտեղ Շեյլոկի դերում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանն է։