30/07/2020 14:35
«Ալեքս ֆաբրիկա», «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները կառավարոթյունից արտոնություն ստացան
Գործադիրը բավարարել է «Ալեքս ֆաբրիկա» ՍՊԸ-ի ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է հագուստի արտադրության համար՝ իրականացնելով 300 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 116 աշխատատեղ, կստեղծվի ևս 30 նոր աշխատատեղ՝ 115,000 դրամ միջին աշխատավարձով։
Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 500 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 300 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 23.5 մլն դրամ:
Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Շարոսոլար» և «Սաթենկար» ՍՊԸ-ները: Մասնավորապես, «Շարոսոլար» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է էլեկտրաէներգիայի արտադրության համար, կառուցելու է արևային կայան։ Կայանը կառուցվելու և շահագործվելու է Արագածոտն մարզի, Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի Կաթնաղբյուր գյուղում։
Արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է ՀԷՑ ՓԲԸ-ին, առկա է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շնորհած էլեկտրական էներգիայի արտադրության (հզորության) լիցենզիա՝ մինչև 2041 թվականի փետրվար 1-ը գործողության ժամկետով։ Արդեն իսկ իրականացվել է 30 մլն դրամի ներդրում հողամասի ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել 350 մլն դրամի ներդրում՝ կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար և 1 մլրդ 350 մլն դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 1 աշխատատեղ, ծրագրի շրջանակում կստեղծվի 6 հիմնական և 40 ժամանակավոր նոր աշխատատեղ՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 249 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 286.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 28 մլն դրամ: