30/07/2020 14:30
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի տարածքների օտարման գործարքները որոշ դեպքերում կհամարվեն իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ
Կառավարությունն ընդունել է «Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին» որոշում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առկա են մի շարք դեպքեր, երբ կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների ձեռքբերման նպատակով քաղաքացիներն արդեն իսկ վճարել են տվյալ շենքի կառուցապատման համար անհրաժեշտ գումարների մի մասը, այնուհետև տարբեր պատճառներով նշյալ կառուցապատողն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է սնանկ՝ առաջարկվում է հնարավորություն ընձեռել խնդրո առարկա անշարժ գույքերի վաճառքները ձևակերպել այն գումարով, որոնք քաղաքացիները հավելյալ կվճարեն շենքի կառուցապատումն ավարտին հասցնելու համար, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգավորումների համաձայն՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ստացման ենթակա հատուցման գումարը՝ առանց ԱԱՀ-ի:
Խնդիրն այն է, որ խնդրո առարկա գործարքների ԱԱՀ-ով հարկման բազայի որոշումը ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգավորման շրջանակում չիրականեցնելու պարագայում էականորեն ավելանալու է քաղաքացիների կողմից վճարման ենթակա հավելյալ գումարների չափը, որի վճարումը քաղաքացիների կողմից համարվում է ոչ իրատեսական:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ կարգավորումը վերաբերելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված գործարքներին: