30/07/2020 17:08
«Վանը» կմասնակցի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը
Հուլիսի 30-ին կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը: ՀՖՖ Գործկոմը քվեարկել է վետերան և գործող ֆուտբոլիստների աջակցության ժամանակավոր կոմիտեի ստեղծման օգտին: Կոմիտեի անդամների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այնուհետև, ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ Պրոֆեսիոնալ մրցումների (2020-21 մրցաշրջան) կազմակերպման կանոնակարգը և ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգը (2020 թ. խմբագրություն):
Նիստի վերջում քննարկվել է Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 առաջնության մասնակիցների հաստատման հարցը: Հաշվի առնելով, որ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն ուժի մեջ է թողել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ընդունված որոշումները, իսկ Հայաստանի 2019/2020 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնության մյուս մասնակիցներից Հայաստանի Բարձրագույն խմբի մասնակցության արտոնագիր է ստացել միայն «Վան» ՖԱ-ն, որոշվել է թույլատրել «Վան» ֆուտբոլային ակումբին մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի 2020/2021 մրցաշրջանի առաջնությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունները կսկսվեն օգոստոսի 14-ին, իսկ խաղացանկերը կհաստատվեն մոտակա օրերի ընթացքում: