31/07/2020 12:08
Վրաստանում հերթական բողոքի ակցիան է անցկացվել Սորոսի հիմնադրամի դեմ
Նախօրեին «Վրացական երթ-ազգային շարժում» քաղաքական միավորումը հերթական բողոքի ակցիան է անցկացրել Թբիլիսիում՝ պահանջելով երկրում արգելափակել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գրասենյակի գործունեությունը, հայտնում է eadaily.com-ը:
Ցուցարարները հավաքվել են «Ռուսթավելի» մետրոյի կայարանի մոտ, որից հետո շարժվել են հիմնադրամի գրասենյակ:
Ակցիայի մասնակիցների հիմնական պահանջը Վրաստանում «Բաց հասարակության հիմնադրամի» գործունեության լիակատար արգելքն էր:
Նշենք, որ հուլիսի սկզբին «Վրացական երթ» ազգայնական շարժումը դարձել է քաղաքական կուսակցություն, և դրա ղեկավարները հայտարարել են, որ մտադիր են մասնակցել հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանի ընտրություններին:
«Վրացական երթ» կուսակցության հիմնադրման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 2-ին՝ Սագուրամոյում գրող Իլյա Չավչավաձեի տուն-թանգարանում: Կուսակցությունը որպես կարգախոս ընտրել է Չավչավաձեի արտահայտությունը «երեք առաքինությունների» վերաբերյալ՝ «լեզու, հայրենիք և հավատ»:
Այն մասին, որ «Վրացական երթը» կուսակցություն է դառնալու և մասնակցելու է ընտրություններին, հայտնի է դարձել հունիսի սկզբին:
Այդ մասին հայտարարել էր դրա առաջնորդ Սանդրո Բրեգաձեն, որը մեկ անգամ չէ ինքն իրեն անվանել Դավիթ Շինարարի և Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի հետևորդ: