31/07/2020 14:35
Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի, բայց Տավուշում գործողություններն ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում հակառակորդը հաջողության չհասավ. Դավիթ Տոնոյան (Տեսանյութ)
Մենք ուշադիր լսում ենք, թե ինչի մասին է խոսում մեր հարևան երկրի գերագույն հրամանատարը, Արցախում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ինքն օգտագործել է «քանի ուշ չէ», նման արտահայտություն է արել, որ հայկական ուժերը պետք է լքեն իր նշած տարածքները», - ասել է Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է՝ Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, ընդհակառակը, խաղաղասիրական կոչեր են անում։
«Մեզ համար անհասկանալի են այսպիսի արտահայտությունները, ուղղակի ես, որպես Պաշտպանության նախարար, կուզենայի հասկանայի՝ «քանի ուշ չէ»-ն դա ե՞րբ է, որովհետև մեր վերլուծական կարողությունները թույլ չեն տալիս հասկանալու՝ երբ է այդ ուշը», - նշել է Տոնոյանը։
ՀՀ պաշտպանության նախարարն ասել է, որ նույն արտահայտություններն անում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության որոշ պաշտոնյաներ՝ հայտարարելով, որ պատրաստ են գործողություններ սկսել, միայն սպասում են հրամանի։
«Նախ առաջինը՝ այնպես չէ, որ մենք չենք սպասում նմանատիպ հրամանի, երկրորդը՝ Տավուշում գործողությունները, որոնք իրականացվեցին, դրանք վառ ապացույցն էին, որ շատ կարճ ժամանակահատվածում, չնայած հակառակորդը օգտագործեց գերժամանակակից միջոցներ, հաջողության չհասավ, հակառակը, ունեցավ բազմաթիվ կորուստներ», - ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-ից 31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: