31/07/2020 20:08
«Այսօր լավ օր է լինելու»․ 2020-ի մարտահրավերներին արձագանքում ենք դրական լիցքերով լի երաժշտական տեսահոլովակով. Deem Communicatons (Տեսանյութ)
Հաշվի առնելով վերջին շրջանի տեղեկատվական տարափը, որը մեր առօրյան ու առցանց տիրույթը ոչ միշտ է ողողում դրական լիցքերով ու քննարկումներով՝ Deem Communicatons ռազմավարական հաղորդակցության ընկերությունը նախաձեռնել է երաժշտական տեսահոլովակ, որը լավատեսություն ու ժպիտներ կպարգևի հայրենիքում և սփյուռքում ապրող հայ ժողովրդին։
Ընկերության խոսքով՝ «Այսօր լավ օր է լինելու» կոչվող նախաձեռնության նպատակն է հույս ու հավատ ներշնչել յուրաքանչյուր բացվող օրվա համար։ Չէ՞ որ հույսն ու լավատեսությունը կյանքի շարժիչ ուժն են։ Տեսահոլովակը նպատակ ունի նաև մարդկանց ուշադրությունը հրավիրել այն դրական երևույթներին, որոնք հաճախ աննկատ են մնում։
«2020-ը նշանավորվեց, մեղմ ասած, ոչ այդքան հաճելի լուրերով՝ անտառային հրդեհներից սկսած մինչև COVID-19 ճգնաժամ և սահմանային լարվածություն, ինչը, բնական է, որ չէր կարող չազդել մեր առօրյայի վրա՝ հանգեցնելով ատելության խոսքի, ագրեսիվ ու հոռետեսական քննարկումների։ Այս երաժշտական տեսահոլովակով, Deem Communicatons-ը ցանկանում է ժպիտներ պարգևել ու հույս ներշնչել, որ ամեն ինչ լավ է լինելու․սա հերթական մի մարտահրավեր է, որը հաղթահարելու ենք միասին, և որը մեզ ավելի ուժեղ ու տոկուն է դարձնելու։ Հույս ունենք, որ այն կսիրվի և կդառնա այս ամռան հիթը Հայաստանում ու դրա սահմաններից դուրս՝ Տավուշից մինչև Մեղրի, սփյուռքի բոլոր մեր համայնքներում՝ այդ թվում Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Կանադայում ու Եվրոպայում», - նշում է Deem Communicatons ընկերության հիմնադիր և ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը։
Տեսահոլովակը կյանքի է կոչվել Deem Communications ընկերության աշխատակիցների միասնական ջանքերով՝ մտահղացումից, երգի բառերից մինչև ստեղծագործական լուծումներ։ Երաժշտության մշակման գործում աջակցել են DJ-ներ Հայկ Սոլարն ու Անրի Ռոքը։
Տեսահոլովակում իրենց գեղեցիկ ներդրումն են ունեցել նաև երաժիշտներ Միքայել Ոսկանյանը, Տյոմ Հակոբյանը և Սոնա Մովսեսյանը (Sone Silver)։