01/08/2020 13:44
Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ)
Մի քանի օրից Սևանա լճում կանաչ ֆոնը չենք տեսնելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահ Վահագն Վարագյանը:
«Բայց, իրականում, պատկերը շատ մտահոգիչ է, ափամերձ տարածքներում, անտառածածկ հատվածերի մաքրման աշխատանքները պետք է արագ ու հրատապ կազմակերպվեն, քանի որ ցիանոբակտերիաների գործունեության համար ավելի նպաստավոր պայմաններ են ստեղծվում», - ասաց նա։
Վահագն Վարագյանի խոսքով՝ կարևորագույն խնդիրներից են ափամերձ տարածքներում գտնվող համայքները, որտեղից կոյուղաջրերը հիմնականում հոսում են դեպի Սևանա լիճ։
«Մաքրման կայանների գոյություն չունենալը Սևանում ստեղծում է ջրում նպաստավոր պայմաններ, որպեսզի ցիանոբակտերիաները բազմանան ու մենք հիմա մի այնպիսի փուլում ենք, որ կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը», - ասաց Վահագն Վարագյանը:
Նրա խոսքով՝ պատկան մարմինները պետք է արագացնեն մաքրման աշխատանքները։
«Ամեն ջանք պետք է դնել, որ ափամերձ հատվածի մաքրման աշխատանքները շատ արագ իրականացնենք», - ասաց նա։
Վարագյանի խոսքով՝ տարին տասներկու ամիս հետաքրքրվելու են այս խնդրով, նույնիսկ աշնանն ու ձմռանն են գալու Սևան, պտտվելու ափամերձ հատվածներում։
«Նայելու ենք՝ ինչ աշխատանքներ են կատարվելու», - վստահեցրեց «Կանաչ ապագա» բնապահպանական նախաձեռնության նախագահը։
Նշենք, որ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա։