01/08/2020 11:06
Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ ԼՂ հակամարտության կարգավորման չբալանսավորված լուծում․ ՀՀ ԱԳ նախարար
Այն, ինչ մենք լսում ենք Բաքվից, շատ տպավորիչ չէ, որովհետև կարծում եմ, որ հուլիսի 12-ից հետո առավել քան հստակ ի ցույց դրվեց, որ սպառնալիքի լեզուն, սպառնալիքի մեթոդը թե՛ հռետորաբանության մեջ, թե՛ գործողությունների մեջ Հայաստանի և Արցախի վրա չեն ազդում, «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Սա մերժված է բոլոր առումներով, և նման հռետորաբանությունը պատիվ չի բերում մեր ամբողջ տարածաշրջանին. սա հռետորաբանություն է, որն ավելի սազական է «թաղային հաշիվ» մաքրելու ինչ-որ մի գործընթացի: Սա անընդունելի է և ապակառուցողական:
Սպառնալիքի լեզուն չի ազդում, չի աշխատում. դա առավել քան հստակորեն մերժված է: Սա եղել է մեր դիրքորոշումն անցած երկու տարվա ընթացքում, առավել քան հստակ, շարունակական արտահայտվել է քաղաքական դաշտում, դիվանագիտական դաշտում և արտահայտվել է հուլիսի 12-ից սկսած», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։
Մնացականյանը շեշտել է՝ չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ այս կարգավորման չբալանսավորված լուծում։
«Եվ այդ առումով է, երբ մենք խոսում էինք, արտահայտվում էինք շատ պարզ երկու բառով՝ ստատուս և անվտանգություն։ Եվ այդ երկու բառն իրենց մեջ պարունակում են բավական մեծ բովանդակություն՝ սուբստանցիա։ Քանի որ ստատուսը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը, ազատ կամարտահայտման գործառույթի իրականացմանը՝ առանց սահմանափակումների և իրավական ուժ ունեցող արդյունքով։ Դրանք վերաբերում են անվտանգության այնպիսի համակարգի, որը չի խախտում, չի ստեղծում վտանգներ Արցախի համապարփակ անվտանգության համար, որի համար Հայաստանն այսօր շարունակում է մնալ միակ երաշխավորը։ Այս երկուսն ունեն այդ խորքային, բովանդակային նաև մանրամասները, որոնց մասին մենք երկու տարի հետևողականորեն խոսել ենք և լսել ենք մյուս կողմին, թե ինչպես են նրանք ընկալում և ինչպես են պատրաստ մեզ հետ աշխատել այդ առումով», - ասել է նա։
Մնացականյանը նշել է, որ աշխատանքի երկրորդ ամենակարևոր ուղղությունն իրենց համար եղել է այն միջավայրի ձևավորումը, որն անհրաժեշտ է բանակցային գործընթացում իրական առաջընթացի հասնելու համար:
«Դա վերաբերել է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ միջավայրին, որը նպաստում է խաղաղությանը։ Այն հռետորաբանությունը, որը ձևավորվել է այս շրջանում, որը մենք շարունակաբար լսել ենք, բնավ, չի նպաստում այդ միջավայրին», - ասել է նա։
ԱԳ նախարարը նշել է՝ երրորդ հիմնական ուղղությունը, որը Հայաստանի համար եղել է շատ էական, Արցախի մասնակցությունն է, ներգրավումը խաղաղ գործընթացի մեջ։
«Մի գործառույթ, որը չափազանց էական է: Դա բնավ ձևաչափի փոփոխություն չէ. դա ձևաչափի վերականգնում է, որովհետև 22 տարի առաջ եղել է ձևաչափի ձևափոխում: Մեզ անհրաժեշտ է վերականգնել այդ ձևաչափը: Սա պրակտիկ խնդիր է, և մենք շատ պարզ բացատրել ենք, թե ինչու է դա պրակտիկ և անհրաժեշտ, որովհետև Արցախի ժողովուրդը բոլոր առումներով ի ցույց է դրել իր կարողությունը՝ կառավարելու, իր կյանքը կազմակերպելու սոցիալական, տնտեսական, քաղաքական, պաշտպանական տեսանկյունից, ունենալու իր կողմից ընտրված իշխանություններ, մասնակցելու միջազգային գործընթացներում: Բոլոր առումներով մի միավոր է, որին անմիջապես վերաբերում է խաղաղ գործընթացը, և իրենց իշխանություններն իրենց ժողովրդի կողմից օժտված են մանդատով՝ ժողովրդավարական գործընթացի միջոցով։ Իրենց չմասնակցելը բերում է մի իրավիճակի, երբ իրենց մոտ նվազում է խաղաղ գործընթացի հանդեպ սեփականության զգացումը, և ստեղծում է մի իրավիճակ, երբ մենք չենք կարողանալու ապահովել լուրջ և իրական արդյունավետ առաջընթաց խաղաղ գործընթացում», - ասել է նա։