03/08/2020 15:10
Գլոբալ տաքացման ֆոնին նույնիսկ մեկ ծառ կտրելը հանցագործություն է. Բնապահպանը՝ Նորքի այգիներն օտարելու մասին
Նորք այգիները, Մոնումենտի և Ծիծեռնակաբերդի բարձունքները, ինչպես նաև Բուսաբանական այգին Երևանի «թոքերն» են եղել, մայրաքաղաքի մաքուր օդի ապահովման աղբյուրը: Սակայն 90-ականներին և դրանից հետո սկսված ծառահատումները մեծապես վնասել են Երևանի էկոհամակարգը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, «Կանաչ ապագա» ՀԿ նախագահ Վահագն Վարագյանը՝ շեշտելով, որ անտառածածկ տարածքները շատ արագ վերականգնելու փոխարեն այսօր էլ շարունակում են ծառահատումներ իրականացնել, պետական մակարդակով որոշում է կայացվում հատվածաբար օտարել Նորքի այգիները:
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանը թեպետ վաղուց հաղթահարել է հետպատերազմյան դժվարին ժամանակաշրջանը, երբ մարդիկ վառելափայտ հայթայթելու համար ստիպված ծառեր էին հատում, սակայն այսօր էլ ամենատարբեր պատճառներով շարունակում են Երևանում ծառեր կտրվել:
«Միայն գնորդը գիտի, թե ինչ կանի Նորքի այգիների օտարվող հատվածի հետ: Մենք դրա օրինակն էլ ունենք. շատ քաղակտիվիստների համար տարիներ առաջ կայացման վայր դարձած Երևանի Մաշտոցի պուրակում երկու օր առաջ հսկա ծառեր հատվեցին, և որևէ մեկը որևէ գնահատական դրան չտվեց: Իր կարիերան այդ պուրակում է արել նաև Երևանի ներկայիս քաղաքապետ Հայկ Մարությանը», - հիշեցրեց Վահագն Վարագյանը:
Բնապահպանի համոզմամբ՝ Երևանում շարունակական ծառահատումները և տրանսպորտի արտանետումներն ի վերջո հանգեցնելու են էկոլոգիական աղետի, ուռուցքային հիվանդությունների աճի:
«Գլոբալ տաքացման ֆոնին նույնիսկ մեկ ծառ կտրելը հանցագործություն է, և մենք, որպես բնապահպանական կամզակերպություն, քննարկում ենք, թե ինչ քայլերի պետք է դիմենք մինչև օգոստոսի 11-ը՝ Նորքի այգիների 1,84 հա տարածքի օտարման օրը: Վերջնական որոշում դեռևս չունենք», - ասաց Վահագն Վարագյանը:
Հիշեցնենք, որ պետական գույքի կառավարման կոմիտեն ավելի վաղ բոլոր սուբյեկտներին հրավիրել էր մասնակցելու Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի օտարման մրցույթին:
Մրցույթը կայանալու է օգոստոսի 11-ին: