03/08/2020 18:40
Մաշտոցի պուրակի ակտիվիստները լռում են, որովհետև այժմ պաշտոններ են զբաղեցնում. ծառերի հատման փաստով Երևանի դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Ինձ, որպես Երևանի ավագանու անդամի, շատ հետաքրքիր է՝ ո՞ւր են մի քանի տարի առաջ Մաշտոցի պուրակի կանաչապատ տարածքների համար աղմկող, գետնին պառկող , «Տարո՛ն, հեռացի՛ր» վանկարկող ակտիվիստները, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
«Ես հիմա բացել, արխիվային այդ տեսանյութերն եմ նայում, և եթե որոշ մարդկանց դեմքեր այն ժամանակ ինձ ծանոթ չէին, ապա այժմ ծանոթ են. նրանցից շատերն ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ են: Ոմանք նույնիսկ ոչ թե ավագանու շարքային անդամներ են, այլ հաննձաժողովների նախագահներ, փոխնախագահներ և այլն: Ես ֆեյսբուքյան իմ պատին պատմական մի փոքրիկ էքսկուրս կանեմ՝ երևանցիներին ասելու, որ երեկվա ակտիվիստներն այսօր Մաշտոցի պուրակի ծառահատումների դեմ չեն խոսում», - նշեց Հռիփսիմե Առաքելյանը:
Ավագանու ԲՀԿ-ական անդամը միաժամանակ նշեց՝ հանուն արդարության պետք է ասել, որ ավագանու իմքայլական որոշ անդամների էջերում պուրակում կառուցապատումը դատապարտող գրառումներ նկատել է, սակայն դրանք բառերից այն կողմ չեն անցել:
«Ես չեմ տեսնում, որ այդ մարդիկ հավաքվեն Մաշտոցի պուրակում, պահանջեն քաղաքապետի հրաժարականը: Ինչո՞ւ. որովհետև նրանք բոլորն այն ժամանակ ակտիվիստներ էին, իսկ այժմ պաշտոններ են զբաղեցնում: Այսպես կարելի է հասկանալ, թե արդարության մարտիկի անվան ներքո այն ժամանակ մարտնչողներն ինչպես են այսօր իրենց աշխատասենյակներում նստած մնում», - ասաց Հռիփսիմե Առաքելյանը:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ են իրենց խմբակցության անդամներով հանդիպել քաղաքապետ Հայկ Մարությանին՝ բարձրաձայնելու Մաշտոցի պուրակի կառուցապատման հարցը, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Նախ, պետք է գտնել քաղաքապետին: Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ քաղաքապետը որտեղ է, ինչ է անում: Նրան հանդիպելը և նրա հետ որևէ հարց քննարկելը պրակտիկորեն իրատեսական չէ»:
Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի՝ Մաշտոցի պուրակում ծառերի հատման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներում նշված հանգամանքների կապակցությամբ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրություն է նախաձեռնվել: