03/08/2020 20:08
Հարավային Կորեայում անձրևների հետևանքով զոհեր և անհետ կորածներ կան
Հարավային Կորեայում ուժգին մուսոնային անձրևներ են սկսվել, որոնց զոհ է դարձել առնվազն 14 մարդ:
Նրանցից 6-ի մահն արդեն հաստատվել է, մնացածն անհետ կորած են համարվում: Ըստ օդերևութաբանների՝ անձրևները հետագայում էլ ավելի են ուժեղանալու, հայտնում է «Yonhap»-ը։
Հարավային Կորեայում արդեն երեք օր է չեն դադարում մուսոնային ուժեղ անձրևները․ դրանց հետևանքով ամենաշատը տուժել են երկրի կենտրոնական և մայրաքաղաքային շրջանները, այդ թվում՝ Սեուլը, Կենգի, Հյուսիսային Չհունչհոն և Կանվոն նահանգները։
Մի շարք շրջաններում տեղումների ծավալը գերազանցել է 300-400 մմ-ը։
Օդերևութաբանները և փրկարար ծառայությունը զգուշացումներ են արել տարերային աղետի վտանգի մասին, սակայն ավերածությունները շատ ավելի ուժեղ են եղել, քան հնարավոր էր կանխատեսել։
Անձրևների հետևանքով սողանքներ են առաջացել, գետերը դուրս են եկել հունից՝ արգելափակելով մի շարք մայրուղիներ ու երկաթուղային ճանապարհներ։
Կենգի նահանգի շրջաններից մեկում ամբարտակ է վնասվել, որի հետևանքով ջուրն ամբողջովին ողողել է հարևան ցածրադիր գյուղը։