04/08/2020 16:51
Դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները. Յուրի Խաչատուրով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Գործով անցնող Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, թե իր պաշտպանյալին գործի վերաբերյալ ռուսերեն թարգմանություննները չեն տրամադրվել, չի տրամադրվել անգամ խափանման միջոցի վերաբերյալ թարգմանությունը։
Դատավոր Աննա Դանիբեկյանը պատասխանեց, որ մասնակի է բավարարում Խաչատուրովի պաշտպանի միջնորդությունը։ Նա ասաց, թե Խաչատուրովին կտրամադրվի իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման թարգմանությունը, իսկ մնացած մասով մերժեց։
«Դուք կանխակալ բացասական վերաբերմունք ունեք Յուրի Խաչատուրովի նկատմամբ», - դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Միհրան Պողոսյանը։
Խոսեց նաև Յուրի Խաչատուրովը՝ կիսելով պաշտպանի տեսակետը։
«Ես կարող եմ հայտարարել, որ դուք կանխակալ վերաբերմունք ունեք իմ նկատմամբ», - ասաց Խաչատուրովը։
Նրա խոսքով՝ երբ քննիչ Մուշեղյանն իրեն հրավիրել է որպես վկա, ասել է, որ իրեն մեղադրանք են առաջադրում սահմանադրական կարգը տապալելու համար, որի համար պատիժ է սահմանվում 15 տարին։
«Որպեսզի մենք պայմանավորվեինք սահմանադրական կարգը տապալելու համար, նախ ես պետք է հանդիպեի նախագահին, իսկ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 23-ից հետո չեմ հանդիպել ու մեր հանդիպումը տեղի է ունեցել միայն այս դատական նիստի շրջանակներում։ Հնչեցին խոսքեր, թե մարդկային կյանքը թանկ է ու կարևոր, իսկ դուք ի՞նչ եք կարծում, մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք, ինչպես այդ մարդկանց ծնողները», - ասաց Խաչատուրովը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: