04/08/2020 09:50
«Ժողովուրդ». Իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է օգոստոսի 5-ին՝ չորեքշաբթի օրը, խմբակցության նիստ հրավիրել: Ըստ թերթի աղբյուրների՝ նիստը թեժ է լինելու, քանի որ նախատեսվում է վերջնական հստակեցնել, թե Սահմանադրական դատարանի դատավոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ինչպես պետք է քվեարկի խմբակցությունը:
Բանն այն է, որ տարբեր պատգամավորներ խմբակցության ղեկավարությանն արդեն հայտնել են, թե դեմ են Վահրամ Ավետիսյանի թեկնածությանը ու իրենք այդպես էլ քվեարկելու են: Եվ հենց դրանից հետո որոշում է կայացվել կրկին հավաքվել՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է վարվեն, ինչպես անել միասնական դիրքորոշում ունենալու համար:
Թերթի տեղեկություններով՝ խմբակցության մի խումբ պատգամավորներ վատ են տրամադրված Վահրամ Ավետիսյանի նկատմամբ: Խնդիրն այն է, որ Վահրամ Ավետիսյանին առաջադրել են ՀՀ կառավարությունը ու իշխանական խմբակցության մի մասը՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լոբբինգով, նրանք, կարծես թե, մտադիր են երկու տարբերակ առաջարկել՝ կա´մ փոխել թեկնածուին, կա´մ իրենք դեմ են արտահայտվելու:
Թե խմբակցության նիստում քննարկումներից հետո ինչ եզրահանգման կգան իմքայլականները, դեռևս պարզ չէ: Վահրամ Ավետիսյանի հետ հանդիպման ժամանակ շատ պատգամավորներ չէին էլ թաքցրել, որ ավելի շատ բացասական են տրամադրված նրա հանդեպ, իսկ մի մասն էլ ասել է՝ ոնց որոշի վարչապետը, այդպես էլ կարվի։