04/08/2020 22:52
Բեյրութում որոտացած պայթյունի հետևանքով մահացել է լիբանանյան կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը
Բեյրութի նավահանգստում երեքշաբթի երեկոյան որոտացած ուժգին պայթյունի հետևանքով մահացել է Լիբանանի «Ալ-Քաթաիբ» ազգայնական կուսակցության գլխավոր քարտուղար Նազար Նաջարյանը, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը:
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ պայթյունից հետո քաղաքական գործիչը լուրջ վնասվածք է ստացել, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Ըստ մի շարք լրատվամիջոցների տեղեկությունների՝ Նաջարյանը ընկել էր կոմայի մեջ, բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:
«Ալ-Քաթաիբ»» կուսակցության գլխավոր քարտուղարը մահացել է պայթյունից հետո վնասվածքների հետևանքով», - հաղորդել է հեռուստաալիքը:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Ըստ РИА Новости-ի թղթակցի` սկզբում փոքր պայթյուն է գրանցվել, հինգ րոպե անց հայտնվել է սև և սպիտակ ծուխ, և այնուհետև տեղի է ունեցել հզոր պայթյուն, կարմիր ծխի սյուն է բարձրացել երկինք:
Էպիկենտրոնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող շինություններում պայթյունի ալիքը կոտրել է ապակիները: ԶԼՄ-ները հայտնում են առնվազն 10 զոհի մասին, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Լիբանանյան լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյունի էպիկենտրոնը եղել է հրավառության պարագաների պահեստը, սակայն ավելի ուշ երկրի անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար, գեներալ Աբբաս Իբրահիմը, հերքել է հրավառության պարագաների մասին վարկածը՝ նշելով, որ պայթել են այլ պայթուցիկ նյութեր, որոնք երկար ժամանակ պահվում էին այնտեղ: