04/08/2020 13:45
Պաշտպանները հրաժարվեցին դատարանին ներկայացնել Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում շարունակվեց միջնորդությունները՝ վերացնել Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը։
Նախորդ դատական նիստին դատավոր Աննա Դանիբեկյանը պահանջել էր ներկայացնել կալանադրված գույքի կազմի ու արժեքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև բանկային հաշիվների վերաբերյալ քաղվածք։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, սական, այսօր հայտարարեց, թե այս փուլում չեն ցանկանում ներկայացնել գույքի արժեքի վերաբերյալ փաստաթղթեր։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ հայտարարեց, որ իրենց կողմից ևս չի ներկայացվի գույքի վերաբերյալ արժեքը։
Փաստաբանը պնդեց՝ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված որոշումը եղել է ապօրինի։
«Դատարանը պետք է առաջնորդվի այն հանգամանքով, որ կա խախտված իրավունք, դատարանը պետք է հաստատի այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանի խախտված իրավունքը շարունակում է գործել ու այդ խախտումը պետք է վերացվի», - ասաց Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: