05/08/2020 09:46
«Ժողովուրդ». Իշխող խմբակցությունը որոշել է «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 6-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է հանդիպում անցկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Թերթի տեղեկություններով՝ խմբակցությունում բազմաթիվ հարցեր են կուտակվել, որոնք պատգամավորները պետք է այդ օրն ուղղեն նախարարին և լսեն նրա պատասխանները:
Թերթը գրում է, որ այդքան կուտակված հարցերի պատճառը վերջերս այս ոլորտում կատարվող փոփոխություններն են, որոնք անգամ հանգեցրել էին ուսանողների կողմից բողոքի ակցիայի, ինչպես նաև տարբեր քննադատությունների՝ արդեն կրթական նոր չափորոշիչների մասով: Եվ այս ամիսներին կուտակված բողոքներից առաջացած հարցերն էլ պատգամավորները պատրաստվում են ուղղել նախարարին:
Վերջերս խորհրդարանում կրկին քննարկում էր անցկացվել. ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը քննարկում էր անցկացրել ոլորտի խնդիրների վերաբերյալ, սակայն նախարարը չէր ներկայացել, որն էլ առաջացրել էր պատգամավորների դժգոհությունը: Եվ հենց դա է պատճառը, որ այս անգամ խմբակցությունը որոշել է ի վերջո «բերման ենթարկել» Արայիկ Հարությունյանին և դռնփակ նիստում ուղղել բոլոր հարցերը։