05/08/2020 16:05
Լիբանանյան առանձին էթնիկ խմբերի բացասական տրամադրությունները տարածվում են նաև հայ համայնքի վրա, ինչն էլ արտագաղթի պատճառ է դառնում. Արաբագետ
Դատելով Լիբանանի իշխանության հայտարարություններից՝ Բեյրութում ահաբեկչության վարկածը հետին պլան է մղվում: Երեկվա պայթյուններն, ավելի շուտ, տեղական իշխանությունների անփութության հետևանք են, և իշխանության ներկայացուցիչները դեռ պետք է պատասխան տան՝ ինչպես է պատահում, որ այդ ծավալի պայթյունավտանգ նյութը տարիներով պահեստավորված է մնում քաղաքի կենտրոնում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Մի երկրում, որտեղ, մեծ հաշվով, կենտրոնաձիգ իշխանությունը խաթարված է, այսինքն՝ ղեկավարությունը բավական թույլ է, երկրում առկա են բավական լուրջ խնդիրներ, ճգնաժամ, երեկվա միջադեպը բացառված չէր: Պայթյունները երկրում առկա իրավիճակի վառ արտացոլումն էին», - ասաց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով Բեյրութում տեղի ունեցած միջադեպից հետո լիբանանահայության՝ դեպի Հայաստան ներգաղթի հնարավոր մեծ ալիքին, արաբագետը նկատեց.
«Չգիտեմ՝ ինչ են անում ՀՀ իշխանություններն այս ուղղությամբ, բայց որ Լիբանանում երկար ժամանակ սոցիալ-քաղաքական լուրջ ճգնաժամ է, ակնհայտ է: Սա առանձին էթնիկ խմբերի մոտ հարուցում է որոշակի տրամադրություններ և բացասական զարգացումներ, որոնք, այսպես, թե այնպես, ազդել և ազդում են էթնոդավանական ընդհանուր պատկեր վրա:
Այստեղ հայկական համայնքը բացառություն չէ: Լիբանանահայերի որոշ հատված վերջին շրջանում արդեն իսկ հեռանում էր երկրից՝ վերադառնալով հայրենիք: Այնպես որ, լիբանանահայության արտահոսքի պատճառները շատ ավելի խորքային են»:
Սարգիս Գրիգորյանի խոսքով՝ թեև հայ ազգաբնակչության արտահոսքը Լիբանանից սկսվել է դեռևս 20-րդ դարի 60-70-ական թվականներից, սակայն չնայած այդ հանգամանքին՝ մեր դիրքերն ու ազդեցությունը դեռևս բավական ուժեղ են: