05/08/2020 14:14
Կառավարությունը պետք է առավել օրակարգային դարձնի լիբանանահայության ներհոսքը ՀՀ ապահովող ծրագրերի մշակումը. Արաբագետ
Երեկ Բեյրութում հնչած պայթյունների առնչությամբ երկու վարկած է շրջանառվում՝ արտաքին միջամտության հնարավորություն և ներքին խնդիրներ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը:
«Ինչ վերաբերում է առաջին վարկածին, ապա խոսքն Իսրայելի միջամտության մասին է: Սակայն հաշվի առնելով պայթյունի և՛ հումանիտար, և՛ նյութական հետևանքները, պետք է բացառել, որ պայթյունն արտաքին միջամտության հետևանք է, որովհետև նման աղետալի հետևանքները որևէ արտաքին դերակատար չի կարող մարսել: Դրա ուղղակի պատասխանը պատերազմ հայտարարելն է:
Իսրայելական հետախուզությունը բավականաչափ զգույշ է, նման լուրջ բացթողում չէր կարող թույլ տալ», - ասաց մեր զրուցակիցը:
Արմեն Պետրոսյանը միաժամանակ շեշտեց՝ ինքն անձամբ հակված է այն տեսակետին, որ տեղի ունեցածն անփութության հետևանք է, քանի որ նիտրատի պաշարները Բեյրութի նավահանգստի պահեստներում պահեստավորված են մի քանի տարի շարունակ:
«Դրանց նկատմամբ հետևողական մոտեցում չի ցուցաբերվել, ինչն էլ հանգեցրեց երեկվա աղետալի միջադեպին», - ասաց արաբագետը:
Հարցին՝ որքա՞ն մեծ է հավանականությունը, որ Բեյրութում տեղի ունեցած միջադեպը լիբանանահայության՝ դեպի Հայաստան ներգաղթի մեծ ալիք ծնի, արաբագետը պատասխանեց.
«Ընդհանուր առմամբ, լիբանանհայության արտագաղթի կանխատեսումներն օրակարգային են եղել դեռևս անցյալ տարվա հոկտեմբերից, երբ այդ երկրում սկիզբ առան սոցիալ-տնտեսական, քաղաքաան ճգնաժամերը, բողոքի գործողությունները, որոնք ավելի մեծ հետևանքներ ունեցան արդեն կորոնավիրուսի ֆոնին: Այսինքն՝ ավելի ու ավելի կանխատեսելի է դառնում, որ այս բոլոր գործոնների ազդեցության ներքո լիբանանահայության արահոսքն առավել առարկայական կդառնա:
Սակայն հակված չեմ կարծել, որ Բեյրութում հնչած պայթյունները կարող են շատ ավելի արագացնել արտագաղթի տեմպերը: Բայց այն, որ պայթյունների հետևանքները կարող են ավելի սրել սոցիալ-տնտեսական վիճակն, ակնհայտ է», - ասաց Արմեն Պետրոսյնաը:
Ամփոփելով՝ արաբագեը նշեց, որ ՀՀ կառավարությունն, ամեն դեպքում պետք է առավել օրակարգային դարձնի լիբանանահայության ներհոսքը Հայաստան ապահովող տարբեր ծրագրերի մշակումը: