05/08/2020 10:04
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, վիրավոր է 4000-ից ավելի մարդ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 100-ի, իսկ վիրավորներինը՝ գերազանցել 4 հազարը, LBC- ին հայտնել է Լիբանանի Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Ժորժ Կատանան:
Երեքշաբթի երեկոյան Բեյրութի նավահանգստի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Քաղաքապետի խոսքով՝ քաղաքի շենքերի կեսը վնասվել է, մեծ թվով զոհերի պատճառով հիվանդանոցները գերբնակված են: Վերջին տվյալների համաձայն՝ 78 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը վիրավորվել:
«Մենք ունենք ավելի քան 4000 վիրավորների մասին տվյալներ, նրանցից ոմանց վիճակը գնահատվում է ծանր; ինչպես նաև մահվան դեպքերի մասին, որոնց թիվը կարող է հասնել հարյուրի: Զոհերի մի մասը շարունակում է մնալ փլուզված շենքերի փլատակների տակ», - ասել է Կատանան հեռուստաալիքի հետ զրույցում: