05/08/2020 11:17
Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, բոլորին հասկանալի որոշումներ և չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը. Արման Սաղաթելյան
Հասարակական- քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արդյունավետ կամ ապարդյուն, մտածված կամ քաոտիկ, համակարգային կամ սիմպտոմատիկ` այս ամենը որոշումների մասին է։ Ցանկացած որոշում անշուշտ պարունակում է բազմաթիվ ռիսկեր եւ ենթադրում հետեւանքների համար պատասխանատվություն։
Կայացնել որոշումներ եւ կրել դրա ամբողջ պատասխանատվությունը` սա է ըստ էության իշխանության հիմնական եւ կարեւորագույն գործը։ Եւ այն, ինչ մենք տեսնում ենք Ամուլսարում (եւ ոչ միայն), այդ գործառույթից ցանկացած եղանակով խուսափելու արդյունք է։ Երբ իշխանությունը չի կայացնում հստակ, միանշանակ եւ բոլորին հասկանալի որոշումներ եւ չի ստանձնում պատասխանատվություն, գալիս է քաոսը, իսկ պետությունը կորցնում է իր սուբյեկտայնությունը նաեւ ներքին հարցերում։
Ըստ էության, որոշում կայացնելուց եւ պատասխանատվությունից խուսափումը եւս յուրօրինակ դասալքություն է` համապետական մասշտաբով։ Որոշումներ կայացնելու փոխարեն կիրառելով ռեպրեսիվ ապարատը այդ որոշումը սպասողների հանդեպ, հասնում ենք զավեշտի` պետական դասալիքները բերման են ենթարկում Մարտական խաչի ասպետ տղուն, ով իր փայ որոշումները կայացրել է անթերի ու իրագործել փայլուն։ Եվ նման պատկեր է գրեթե բոլոր ոլորտներում` անորակ, անհեթեթ որոշումներ կամ դրանց բացակայություն եւ զրո պատասխանատվություն` անվերջ կռուտիտների ու ստի մթնոլորտում։ Ես հաստատ գիտեմ մեկ բան` ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը»։