05/08/2020 15:32
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ձեռնարկել է աննախադեպ մասշտաբի ծրագիր։ Նվագախումբը «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում կձայնագրի և կտեսագրի հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի բոլոր 9 սիմֆոնիաները՝ Եվրոպայից հրավիրված մեծանուն հնչյունային և ձայնային ռեժիսոր Էվերետ Պորտերի ղեկավարությամբ։ Վերջինս համագործակցում է աշխարհի լավագույն դիրիժորների, մենակատարների, երաժշտական կոլեկտիվների հետ, և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ Խաչատրյանի թիվ 2 և Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիաների վերջերս արված ձայնագրությունները ունկնդրելուց հետո մեծ ուրախությամբ իր ցանկությունն է հայտնել իրականացնել Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն ու տեսագրություններն, ինչն իսկապես մեծ պատիվ է Հայաստանի և նվագախմբի համար։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ընդգծում է՝ սա Հայաստանի երաժշտական պատմության մեջ աննախադեպ ձեռնարկ է։
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ծրագրում է ձայնագրել մեծանուն կոմպոզիտորի բոլոր 9 սիմֆոնիաները, ինչը Հայաստանի պատմության մեջ կլինի իսկապես չտեսնված երևույթ՝ իր որակով և լրջությամբ։ Սեպտեմբերից նվագախմբի հետ կսկսենք Բեթհովենի սիմֆոնիաների ձայնագրման աշխատանքները: Նախապատրաստական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են. պարետի թույլտվությամբ սկսվել են նվագախմբի 58-հոգանոց խմբով փորձերը, Էվերետ Պորտերի և այլ մասնագետների հետ իրականացնում ենք ամենօրյա քննարկումներ։ Առավել քան վստահ եմ, որ բարձր մակարդակով ձայնագրություն և տեսագրություն կատարելու դեպքում կարող ենք ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել մեր նվագախմբի վրա», - նշում է մաեստրո Թոփչյանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորի խոսքով՝ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս մեկուկես տարի առաջ: Փառատոնին պետք է մասնակցեին և Հայաստան ժամանեին բազում ճանաչված մենակատարներ և դիրիժորներ։ Սակայն այս պահին ամենաիրատեսական տարբերակը սիմֆոնիաների ձայնագրությունն է։
Սիմֆոնիաների ձայնագրման և տեսագրման աշխատանքներից բացի, հանճարեղ կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված ծրագրի շրջանակում կիրականացվեն նաև այլ միջոցառումներ։ Նախատեսվում է կազմակերպել ՀԱՖՆ մենակատարների կամերային համերգների առցանց հեռարձակում։ «Ասոնանս» անսամբլը հանդես կգա «Բեթհովենի սիմֆոնիաների հետքերով» ծրագրով՝ ներկայացնելով բեթհովենյան թեմաներով գրված 9 պիեսների պրեմիերա։ Կպատրաստվի և կցուցադրվի Բեթհովենին նվիրված վավերագրական ֆիլմաշար, ինչպես նաև կկազմակերպվի գիտական վեբինար, որի ընթացքում անդրադարձ կկատարվի մեծանուն կոմպոզիտորի կյանքին ու գործունեությանը։
Էդուարդ Թոփչյանը նշում է, որ ամբողջ աշխարհում Բեթհովենի հոբելյանին նվիրված տոնակատարությունները տեղափոխվել են 2021 թվական, և Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն անելու է ամեն ինչ, որ հաջորդ տարի ևս նշի այդ հոբելյանը։
Նշենք, որ ձայնագրություններն իրականացնող Էվերետ Պորտերը համագործակցել է այնպիսի կոլեկտիվների հետ, ինչպիսիք են Կոնցերտգեբաու նվագախումբը, Ֆիլադելֆիայի, Քլիվլենդի, Չիկագոյի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Մորիս Յանսոնսը, Պիեռ Բուլեզը, Քրիստոֆ Էշենբախը, Միցուկո Ուչիդան, Դմիտրի Սիտկովեցկին և այլք։ Վերջերս Բեթհովենի բոլոր սիմֆոնիաների ձայնագրություններն իրականացրել է Deutsche Kammerphilharmonie-ի հետ՝ դիրիժոր Պաավո Յարվիի ղեկավարությամբ։ Նրա իրականացրած ձայնագրություններն առաջադրվել են «Գրեմմի»-ի։
Հիշեցնենք, որ «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնը կազմակերպում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Փառատոնը հարգանքի տուրք է մատուցում հանճարեղ կոմպոզիտորի ժառանգությանը, որը կերտվել էր խավարի դեմ իր հավերժական պայքարի համատեքստում:
Փառատոնը կեզրափակվի Բեթհովենի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 16-ին: