06/08/2020 21:51
«Իմ պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին». Անուշ Պողոսյանը թողնում է պաշտոնը
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը կազատվի աշխատանքից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը, համաձայն որի՝ Անուշ Պողոսյանը սեպտեմբերի 10-ից կթողնի պաշտոնը։
«Աշխատանքից ազատվելու որոշումս վաղուց էր, բայց, քանի որ կորոնավիրուսային իրավիճակը եղավ, չէի կարող հեռանալ, պետք է ծառայեի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Անուշ Պողոսյանը։
Հարցին՝ ո՞րն է աշխատանքը թողնելու պատճառը, Անուշ Պողոսյանը պատասխանեց, որ իր պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին։
«Քանի որ իմ պատկերացրած առողջապահական կազմակերպման մոդելը չէր համապատասխանում ներկա տեսչական մոդելին՝ և՛ կադրային քաղաքականության, և՛ աշխատանքային մոտեցումներով, և՛ տնտեսվարողների հետ վերաբերմունքով, որոշեցի էներգիաս, ներուժս կիրառել առողջապահական, կրթական ու կազմակերպչական ծրագրերի իրականացման մեջ», - նշեց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ իր պատկերացմամբ պետք է ցանկացած աշխատանքում, բնագավառում լինի մեծ մասնագիտական պրոֆեսիոնալիզմ։
«Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, երբ որ պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական հմտություններն ու, վերջիվերջո, մասնագիտությունը չի համապատասխանում առողջապահությանը, դրա հետ անվիճելի փաստեր են լինում, որ հնարավոր չէ աշխատել ու սկսվում են տաբեր տեսակի տարաձայնություններ կազմակերպչական առումով», - ասաց Պողոսյանը։
Հարցին՝ ղեկավարի՞ հետ է եղել տարաձայնություն, Անուշ Պողոսյանը պատասխանեց՝ թե՛ ղեկավարի, թե՛ կադրային քաղաքականության ստեղծման ու վարման հետ։
Պողոսյանը ոլորտը չի լքում, սակայն չի էլ մանրամասնում, թե կոնկրետ ինչ աշխատանքով է զբաղվելու.
«Շուտով կլինեմ առողջապահական մեծ ընտանիքի մի մասն այլ աշխատանքում, դրա մասին հետո կխոսեմ», - ասաց նա։
Նշենք, որ Անուշ Պողոսյանը նախկինում ղեկավարել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը։