06/08/2020 15:03
Դատարանն անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը․ նիստը հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դիմում էր ներկայացրել նախագահող դատավորին՝ նշելով, որ որոշակի կասկածներ ունի կորոնավիրուսի հետ կապված։
Մակինյանը հայտնել էր, թե կորոնավիրուսի թեստ է հանձնել ու սպասում է պատասխանին։
Ամրամ Մակինյանը միջնորդել էր նաև երկրում համավարակի աճի ցուցանիշները հաշվի առնելով՝ հետաձգել դատական նիստը։
Նիստին ներկա չէր նաև Սերժ Սարգսյանը. դատարանն անհարգելի համարեց վերջինիս բացակայությունը։
Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին։
Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։