06/08/2020 22:26
Ամուլսարի հանքի շահագործումն ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում․ վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել․ Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Վարագյանը կոչ է անում ՀՀ բոլոր քաղաքացիներին հետամուտ լինել Ամուլսարի հարցին:
«Մասնագիտությունս և գիտելիքներս թույլ են տալիս փորձագիտական կարծիք հայտնել հանքի շահագործման հետևանքով առաջանալիք աննախադեպ և կործանարար հետևանքների մասին: Վտանգի տակ են դրվում մշակովի հսկայական տարածքներ, Հայաստանի քաղցրահամ ջրերի պաշարը, այդ թվում՝ նաև Սևանա լիճը: Ջրային և հողային համակարգերը վտանգված են աղտոտվել ծանր մետաղներով, ռադիոակտիվ տարրերով: Ամբողջ էկոհամակարգը կրելու է նաև թթվային ջրերի արդեն գիտականորեն հաստատված կործանարար հետևանքները: Այս ամենն անմիջականորեն և կտրուկ ազդելու է հայ մարդու առողջության վրա, և կործանարար հետևանքները, որոնք աննախադեպ ծանր են լինելու, կրելու են նաև մեր սերունդները: Ոսկու արդյունահանման տեսակետից ոչ շահավետ հանքի շահագործումը («Լիդիանի» տվյալներով՝ 1 տոննայից 0.7 գ., համեմատեք Սոթքի տվյալների հետ՝ 1 տոննայից 5-6 գ.) ակամայից ազգային անվտանգության հետ կապված առեղծվածային հարցեր է առաջացնում: Արդյոք հանքը շահագործվում է ոսկի՞ արդյունահանելու համար, թե՞ այլ «օգտակար» և ռադիոակտիվ տարրերի արդյունահանման խնդիր կա: Վստահ եմ՝ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը խնդրի լրջությունը չի պատկերացնում: Վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանին ամբողջը չեն զեկուցել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վարագյանը։