06/08/2020 11:26
Կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են բարձր մնալ, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ունենք որոշակի վստահություն, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է: Մենք այս առումով մարտավարութան որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել և, եթե նախկինում հոսքերը մեծ էին, հիմա առողջապահության նախարարությունը ավելի նախաձեռնող կլինի և ռիսկային տեղեր, խմբեր, գործարաններ սեփական նախաձեռնությամբ կգնա և ախտորոշում կիրականացնի, և սա այն ձևը կլինի, որը հնարավորություն կտա ինչ-որ կերպ հաղթահարել համաճարակը», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում ունեն 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ:
«Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն», - ասաց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ կայուն անկում կա:
Նա ասաց, թե այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու դրական դեպք են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին հայտնաբերում են:
«Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել», - ասաց նախարարը: