07/08/2020 11:46
ՀՔԾ ավագ քննիչը «Հայրենիք», ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների ներկայացրած փաստերը չի դիտարկել ամբողջության մեջ, վերջիններս բողոք կներկայացնեն
ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները դեռևս հունիսի 30-ին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հնարավոր հանցակցության վերաբերյալ։ Այժմ նրանք ստացել են ՀՔԾ-ի հատուկ կարևորագույն գործերով քննիչ Մինասյանի որոշմամբ այս հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը։
Այսօր քաղաքական երեք ուժերը հրավիրված համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին, որ որոշել են բողոք ներկայացնել։
«Օրենքը հնարավորություն է նախատեսում բողոք ներկայացնել թե՛ գլխավոր դատախազություն, թե՛ դատական կարգով։ Այս պահին օգտվել ենք դատախազություն բողոք բերելու մեր իրավունքից», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
Ավագ քննիչն, ըստ Մինասյանի, իրենց ներկայացրեց փաստարկները չի դիտարկել ամբողջության մեջ։
«Ավելին, այն շղթան, որը կբացահայտեր Սահմանադրական դատարանը բռնազավթելու՝ որոշ բարձրաստիճան պաշտոնյանի մտադրությունը, մանրամասնություններով չի ուսումնասիրել։ Դա իր պարտականությունն էր, բայց նա ներկայացված փաստարկներով մեկ-երկու դրվագ է առանձնացրել, հղում է տվել ինչ-որ անբացատրելի գործողության և համարել է, որ այդ փաստարկը չի կարող պատճառ հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար», - ասաց Արծվիկ Մինասյանը։