07/08/2020 11:12
«Անցյալի հետ հարցերը պետք է ավարտել». Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին (Տեսանյութ)
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկսում է պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին:
Նախագահի գրասենյակից հայտնում են, որ ապրիլի 16-ին ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից առաջ ՀՀ երրորդ նախագահը լրագրողներին խոստացել էր արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո հրավիրել մամուլի ասուլիս և առաջին հանդիպման ժամանակ պատասխանել ապրիլյան իրադարձությունների հետ կապված բոլոր հարցերին:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ափսոսում է, որ համավարակի դեմ ձախողած պայքարը ու որպես հետևանք արտակարգ դրության անընդհատ երկարաձգումը հնարավորություն չեն տալիս կատարելու իր խոստումը։
«Բայց անցյալի հետ հարցերը պետք է ավարտել», - ասել է Սերժ Սարգսյանը։
Նա ընդգծել է՝ միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին։
«Բայց նույնքան էլ միանշանակ է, որ առանց անցյալը ճիշտ պատկերացնելու անհնար է հասնել լավ ապագայի։ Չի կարող Հայաստանի պատմությունը, նորանկախ Հայաստանի պատմությունը սկսվել 2018 թվականի ապրիլից», - ասել է նա։
ՀՀ երրորդ նախագահը հայտարարել է ՝ պետք է համախմբել բոլոր կարող ուժերին ու շարժվել առաջ։